ՀՀ ԱԳՆ-ն, խստորեն դատապարտելով հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ, հայտարարել է, որ սադրիչ գործողության հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Նշվում է, որ հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են այս սադրանքները:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ի առավոտյան, երկու-երեք ժամվա դադարից հետո, հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։