Ասֆալտապատվելու է «Հյուսիս-հարավից» դեպի Պատարա համայնք տանող ճանապարհը
2020թ-ին կսկսվեն «Հյուսիս-հարավ» մայրուղուց դեպի Պատարա համայնքն ընկած 10 կմ-ից ավելի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, առաջիկա տարիներին կկառուցվի դպրոցական նոր մասնաշենք, կշարունակվի ներհամայնքային ճանապարհների սալապատումը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա համայնք, ծանոթացել առկա խնդիրներին, տեղում տվել մի շարք հանձնարարականներ:
Հարությունյանը նշել է, որ համայնքների համաչափ զարգացումը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են՝ ըստ առաջնահերթությունների:
Այցի ընթացքում Հարությունյանը ծանոթացել է Պատարայի դպրոցական շենքի պայմաններին, ինչպես նաև այցելել գյուղում անհատ ձեռներեցի կողմից բացված «Ստեփան թոնիր-հյուրատուն» զբոսաշրջային կենտրոն, հետաքրքրվել գործունեության տեսակներով։ Նախագահը հայտնել է, որ պատրաստակամ են աջակցել զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանը։