ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների: Գլխավոր քարտուղարի հայտարարությունը փոխանցել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

ՄԱԿ խոսնակը կոչ է անում ներգրավված կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:

Նա ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունն այդ վտանգավոր իրավիճակի կարգավորման և խաղաղ, բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց ջանքերին: