Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի 29-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Naxcivantv հեռուստաալիքի տարածած տեսանյութից։

Տեսանյութում կադրում չերևացող անձը հայերեն հարցեր է տալիս Նարեկ Սարդարյանին։ Նա պատասխանում է, որ ծնվել է 1990թ-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում։

Նարեկ Սարգսյանը ներկայացվում է որպես Ադրբեջանի սահմանը ինքնակամ հատած անձ։

Նշենք, որ Նարեկ Սարդարյանը հովիվ է։ Անասուններին տարել էր Վայոց ձորի մարզի Գորայք համայնքի մոտակայքում գտնվող արոտավայրերում արածեցնելու։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նա որոնվում էր որպես անհետ կորած, նրա հարազատները ոչ մի լուր չունեին նրա մասին, չնայած որ ենթադրում էին, որ Նարեկ Սարդարյանը կարող է հայտնված լինել Ադրբեջանում։

Նշենք, որ Նարեկ Սարդարյանը Հայաստանի Հանրապետության արդեն երրորդ քաղաքացին է, որն այժմ Ադրբեջանում է գտնվում։ Հիշեցնենք, որ 2018թ-ից Ադրբեջանում ապօրինի ազատազրկված է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ինչպես նաև Վայոց ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը։ Ադրբեջանում ազատազրկված է նաև ՊԲ պայմանագրային զինծառայող, Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։