Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ: Խմբակցության պատգամավորները պահանջում են պարտավորեցնել ԿԸՀ-ին սահմանված ընթացակարգով պատգամավորական մանդատ տրամադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով պատգամավորական մանդատ տրամադրել կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին:

Է. Մարուքյանը նշել էր, որ Արման Բաբաջանյանը 2019թ. դադարեցրել է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և դարձել որևէ խմբակցության կազմում չընդգրկված պատգամավոր: Պատգամավորի այդ քայլից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զրկվել է իրեն տրված 18 մանդատներից մեկից:

Էդմոն Մարուքյանը նշել էր, որ խմբակցությունում չընդգրկված պատգամավորները չեն կարող համարվել խորհրդարանական ընդդիմություն, քանի որ օրենքով այդ դերը վերապահված է բացառապես խմբակցություններին: Մյուս կողմից, սահմանադրական օրենքով մանդատների 1/3-ը ընդդիմադիր ուժերին վերապահելը միտված է հնարավորինս զսպելու կառավարող խմբակցությանը և գործադիր իշխանությանը:

Պատգամավորը վկայակոչել էր նաև, որ պատգամավորների 1/3 ձայներն են պետք վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու, վարչապետի թեկնածու առաջադրելու, պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի ստեղծման պահանջ ներկայացնելու համար և այլն:

ԿԸՀ-ն հուլիսի 8-ի որոշմամբ մերժել էր Էդմոն Մարուքյանի դիմումը: ԿԸՀ-ն արձանագրել էր, որ իր կողմից մանդատ տրամադրելու լիազորությունը հնարավոր է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում: Մինչդեռ Արման Բաբաջանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված չեն և թափուր մանդատ չկա:

ԿԸՀ-ի որոշման հետ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ, ինչն էլ հիմք է հանդիսացել դատարան դիմելու համար: