ԱԱԾ-ն արձագանքել է Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հետ կապված դեպքին, որի մասին հայտնի էր դարձել հուլիսի 15-ին:

Նրանց տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 8-ին ԱՀ Նախիջևանի հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ի լրատվականը:

Պարզվել է, որ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցէ խնդիրներ չի ունեցել:

Նա ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:

Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, ինչից հետո սկսում են ներկայացվել որպես սեփական կամքով սահմանը հատած անձինք: