ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Արամ Վարդանյանի (քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի ապեր») կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, հայտնում են ՔԿ-ից։

Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտի կազմակերպում), 3-րդ մասի 1-ին կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման կազմակերպում) 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի կազմակերպում) 2-րդ մասի 6-րդ կետով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է 2020-ի հուլիսի 15-ին:

Պարզվել է, որ Վարդանյանը գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ և իմանալով, որ առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև 3 տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության է եկել Ուկրաինայի քաղաքացի մի միայնակ մոր հետ՝ վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին ներկայացնելով կեղծ դիմում։

Այնուհետև, կեղծ փաստաթղթերի հիման վրա 2019թ-ի հունվարի դատարանը Վարդանյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցրել և քրգործով վարույթը կարճել է։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Վարդանյանի կողմից քաղաքացուց շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար և գույք է հափշտակվել։

Պարզվել է, որ 2012թ-ին Վարդանյան համաձայնել է գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակել ծանոթին և ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակել 60․2 մլն դրամ գումարին համարժեք դրամական միջոցներ և գույք: 2016թ-ին նա հափշտակել է BMW X6 մակնիշի $25,000 (12 մլն դրամից ավելի) արժողությամբ մեքենան, կազմակերպել դրա տիրոջ առևանգումը և սպանությունը, որը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: