ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի ՊՆ-ի կողմի Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքի հետ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին:

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են, ընդհանուր առմամբ, միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները»,- նշել է ԱԳՆ-ն:

Ըստ նախարարության՝ Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Հայաստանը պաշտոնապես ադրբեջանական ոչ մի ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարված հասցնելու մասին չի հայտարարել, ադրբեջանական կողմը, ի պատասխան որոշ մասնավոր հայտարարությունների, պաշտոնապես խոսել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։