Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորները հայտարարել են, որ հայ-ադրբեջանական բախումների վերսկսումն Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի կողմից վարվող լարվածության սրման ռազմավարության ուղղակի հետևանք է, նշելով, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին նշանակում է սատարել ապրելու իրավունքը: Այդ մասին փոխանցում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նշենք, որ հայտարարությունը ստորագրել են սենատորներ Բեռնար Ֆուրնիեն, Միշել Ամիելը և պատգամավորներ Դանիել Կազարյանը, Ֆրանսուա Պուպպոնին, Ֆրանսուա-Միշել Լամբերը, Գիյոմ Կասբարյանը, Գի Տեսիեն, Ժան-Միշել Միսը, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնը, Սոնիա Կրիմին և Վալերի Բուայեն։ Նրանք կոչ են արել Ֆրանսիային նախաձեռնել իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։

Քաղգործիչները խորը մտահոգություն են հայտնել սահմանային միջադեպերի առիթով և նշել, որ պատերազմը հարմար միջոց է Ադրբեջանի համար՝ շեղելու սեփական ժողովրդին իր իսկ պարտադրած ստորացումներից։

«Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաև նավթի գնանկմամբ, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը»,- նշվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ իրավիճակն ավելի է բարդացել ՀՀ-ում հեղափոխությունից հետո։

Խորհրդարանականների խոսքով՝ Հայաստանի տարածքը թիրախավորող ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը զուտ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար՝ տարածաշրջանում հայկական ներկայությունը վերացնելու։

Հայտարարության մեջ քննադատվել է նաև Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող կոչերը։

«Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար, և ըստ այդմ՝ նոր և ուղղակի ոտնձգություն Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ»,- նշում են խորհրդարանականները։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերական անդորր է եղել սահմանին։