Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսթաֆաևին հայտնել է, որ Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը մշտապես Ադրբեջանի տրամադրության տակ է՝ իր անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով, զինամթերքով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և այլն, ինչպես նաև փորձով և հմտություններով։

Դեռ հուլիսի սկզբին Զաքիր Հասանովը հայտարարել էր Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռք բերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Գործարքը հնարավոր է լինի հարվածային Bayraktar TB2-ների կամ Anka-S-երի շուրջ:

Bayraktar TB2-ը թուրքական արտադրության հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Anka-S-ը նույնպես հարվածային անօդաչու է, որի գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում 200 կմ է, առավելագույն արագությունը 217 կմ/ժամ է, թռիչքի առավելագույն տևողությունը 24-32 ժամ է։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 200 կգ է։ «Անքա» ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ։