Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր՝ հուլիսի 17-ին, հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան նստել բանակցային սեղանի շուրջ և գտնել խնդրի լուծումը։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Դոդոնն իր ափսոսանքն է հայտնել երկու երկրների պետական սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ։

«Շատ ցավալի է այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների և զոհերի մասին։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կդադարի, որ խաղաղություն կլինի։ Մենք կզարգացնենք մեր համագործակցությունը և գործընկերությունը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան նստել բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվել, առանց արյունահեղության, առանց կրակոցների և առանց պատերազմի»,- նշել է Դոդոնը տեսաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է «Facebook»-ի իր էջով։

Չնայած Մոլդովայի նախագահի չեզոք հայտարարարությանը՝ ավելի վաղ ոչ չեզոք հայտարարությամբ հանդես էր եկել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ երկրի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական պետական սահմանին գրանցված բախումների վերաբերյալ` նշելով, որ Մոլդովայի Հանրապետությունը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված կլինի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության վրա։