Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կբարձրացնեն կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված հիմնական օղակների աշխատակիցների աշխատավարձերը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Այդ ցանկում են բուժաշխատողները, ուսուցիչները և ոստիկանության աշխատակիցները։ Համավարակի օրերին որոշ դպրոցներ շարունակել են կրթել բժիշկների և ոստիկանների երեխաներին։

Հուլիսի 21-ին երկարատև դադարից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը անձամբ հանդիպել է նախարարների կաբինետի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է ոչ թե Դաունինգ սթրիթ 10-ում (վարչապետի նստավայրը), այլ՝ Արտաքին գործերի նախարարությունում, որտեղ հնարավոր է եղել պահպանել սոցիալական հեռավորություն։ Ջոնսոնը ներկաներին հայտնել է, որ բրիտանական կառավարության նպատակն է սոցիալական հեռավորության պահպանմամբ, վերականգնել տնտեսությունը և մարդկանց վերադարձնել աշխատանքի։

Բրիտանացի գիտնականներն էլ զգուշացնում են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Մեծ Բրիտանիայում հաջորդող հինգ տարիներին կարող է ավելանալ քաղցկեղից մահացածների թիվը, որոնցից հնարավոր էր խուսափել, եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը։ Տարբեր հաշվարկներով՝ բուժման հետաձգված կուրսերը կխլեն ավելի քան 3500 մարդու կյանք։ Հետազոտությունը հրապարակվել է «Lancet Oncology» հեղինակավոր ամսագրում։ Հուլիսի երկրորդ շաբաթ էլ, ի տարբերություն նախորդող հինգ տարիների, Մեծ Բրիտանիայում մահացությունը կրճատվել է 6 %-ով։ Այդ մասին հայտարարել է Ազգային վիճակագրության գրասենյակը։

Կատալոնական Բարսելոնայի լողափերում մարդկային կուտակումներ են, չնայած հուլիսի 20-ից քաղաքում մասնակի կարանտին է հայտարարված։ Բնակիչներին խորհուրդ է տրվում տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ Իսպանական իշխանությունները մասնակի կարանտինն անվանել են վերջին հնարավորությունը քաղաքացիներին, եթե բնակչությունն իրեն խելամիտ չպահի։ Կատալոնիայի կորոնավիրուսի մոնիթորինգի ստորաբաժանման ղեկավարը կարծում է, որ առավել խիստ կարանտին Բարսելոնայում կարող է ներդրվել երկու շաբաթվա ընթացքում, եթե հիվանդների թիվը չկրճատվի։

Իսկ արդեն Լատինական Ամերիկայում իրավիճակը շարունակվում է ավելի վատանալ։ Բրազիլիան, Չիլին և Պերուն նախկինի պես չեն կարողանում կանխել վիրուսի տարածումը։ Բրազիլիայում հուլիսի 21-ին կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 80 հազարը։ Երկիրը նախկինի պես շարունակում է մնալ երկրորդը՝ կորոնավիրուսով վարակվածների և կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով։ Հուլիսի 20-ին պարզ է դարձել, որ կորոնավիրուսով վարակված է ևս երկու նախարար։

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում իրականացված հետազոտությունից էլ պարզ է դարձել, որ բնակչության 23 %-ը, այսինքն քաղաքի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը, ունի կորոնավիրուսի հակամարմին։ Պաշտոնական վիճակագրությունն այլ թվեր է հայտնում։ 19 միլիոն բնակչություն ունեցող Նյու Դելիի 1 %-ը վարակվել է կորոնավիրուսով։ Այս թվերից պարզ է դառնում, որ վարակվածների իրական թիվն ավելի բարձր է, ինչպես նաև հիվանդների մեծ մասի մոտ կորոնավիրուսի ընթացքն անախտանիշ է։

Իրանն էլ հայտարարել է պացիենտների ռեկորդային թվաքանակի մասին, որոնք վերջին մեկ օրվա ընթացքում մահացել են կորոնավիրուսից (229 մարդ)։ Ընդհանուր առմամբ, Իրանում մահացել է 14 634 մարդ, իսկ վարակվածների թիվը՝ 278 827։ Կարանտինային ռեժիմն այստեղ չեղարկվել է ապրիլի կեսերին։ Այդ ժամանակ երկրի տնտեսությունն արդեն իսկ մեծապես տուժել էր ամերիկյան պատժամիջոցներից։

Ավելի վաղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի կարող կրկին «անջատել տնտեսությունը» և իրանցիներին խորհուրդ տվել կրել դիմակներ և խուսափել մարդկային կուտակումներից։