Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտարարել է՝

ՀՀ-ն արդեն առիթ ունեցել է Ադրբեջանի հետ դեմ առ դեմ մեծ մարտադաշտում հանդիպելու Արցախյան առաջին պատերազմի տարիներին, սակայն նախագահ Իլհամ Ալիևը դա հիշել չի կարող, «հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում»։

«Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել: Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, և գիտե՞ք ինչու, որովհետև երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում»,- գրել է Հասրաթյանը։

ՊԲ խոսնակը հիշեցրել է, որ Ալիևը հայրենիք է վերադարձել միայն երբ իր հոր խնդրանքով «Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը»:

Նրա խոսքով՝ դա է եղել պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որը կրկնվել է նաև Ալիևի օրոք՝ 2016-ի ապրիլին։

«Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել»,- եզրափակել է Հասրաթյանը։