«Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրանքները: Այս մասին RBC-ին ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Առավոտյան մեզ դիմեցին հայազգի խոշոր արտահանողներ, ովքեր հայտնեցին, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ անձանց»,- ասել է դեսպանը:

Ըստ նրա` խոսքը գնում է պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին:

«Միևնույն ժամանակ, բոլոր վաճառասեղանները լցրել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտ կերպով վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Դա փաստ է: Ես դրա մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը: