Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը՝ «Խաչատուրեան Հայ Կեդրոնը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է օգտատեր Վրույր Թադևոսյանը։

Նա գրառմանը կցել է տեսանյութ և գրել, որ դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

Նշենք, որ հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել աշխարհի տարբեր վայրերում գտնվող հայերին ցուցաբերել զգոնություն, չտրվել որևէ սադրանքի, ադրբեջանցիների հետ կոնֆլիկտային իրավիճակներում անմիջապես կապ հաստատել տեղի իրավապահ մարմինների, հայ համայնքային կառույցների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ: