Արցախում սեպտեմբերի 1-ից կբարձրանան ոստիկանների աշխատավարձերը։ Այդ մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ ՊԲ N զորամաս այցելության ժամանակ, որտեղ ծանոթացել է ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Այդ մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։

Նա նշել է, որ ոստիկանները պետք է գիտակցեն, որ Արցախի պաշտպանության բանակի հիմնական ռեզերվն են և պետք է պատրաստ լինեն, անհրաժեշտության դեպքում, իրականացնել մարտական խնդիրները։

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում»,-ասել է նա: