Հայաստան մուտք գործելիս ինքնամեկուսացման պարտադիր պահանջում պարետի որոշմամբ փոփոխություն է կատարվել, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Ըստ այդմ՝ ինքնամեկուսացումից կարող են ազատվել պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները:

Ինքնամեկուսացման պարտադիր պահանջից նաև ազատվում են առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք, պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով ժամանողները, բացառիկ այլ հիմքերով՝ պարետի թույլտվության հիման վրա:

Նշված դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի ՊՇՌ թեստ հանձնել։