ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում մեկնաբանելով իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, հայտարարել է, որ Մոսկվան առանցքային դերակատարում է ունեցել իրավիճակի կայունացման գործում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դերակատարություն ունեցան։ Հատկապես ընդգծվեց Ռուսաստանի դերը. կարծում եմ՝ այն գործողությունները, որ ձեռնարկեց Կրեմլը, ՌԴ ԱԳՆ և ԶՈւ Գլխավոր շտաբի ներգրավումը, առանցքային դերակատարություն ունեցան, որ հիմա հարաբերական կայուն իրավիճակ ունենանք։ ՌԴ դերը, անշուշտ, բացառիկ կառուցողական է»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է նաև, որ «շատերին Հայաստանում հետաքրքրում է այն հարցը, թե ինչու Թուրքիան միանշանակ սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը, իսկ ՌԴ-ն, որը ՀՀ ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի սատարում Հայաստանին»։

«Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ ՌԴ-ն կարևոր և առանցքային միջնորդ է, նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակում»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ չի կարծում, թե ՌԴ-ն մի կողմ է քաշվել հակամարտությունից․

«Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրավիճակից, քանի որ այստեղ շոշափվում են ՌԴ կենսական կարևորության շահերը, ոչ միայն ՀՀ շահերը։ Մեր շահերը շատ դեպքերում համընկնում են»։