2020թ-ի ընդունելության միասնական քննությունների արդյունքով բուհ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու համար: Այդ մասին ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գրում է Factor.am-ը։

«Առաջին հայցադիմումով պահանջում ենք Կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում»,- նշել է փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ երկրորդ հայցով պահանջում են անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր, քանի որ խախտված իրավուքները տարբեր են, յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։

Հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։