ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման կամ արտակարգ իրավիճակում համավարակի կառավարման տարբերակները քննարկվում են, լուծումը մեծապես կախված է նրանից, թե ի՞նչ համաճարակաբանական իրավիճակ կլինի առաջիկայում։ Այս մասին ասել է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետի խոսքով դեռևս անորոշություն կա նաև համավարակի երկրորդ պոտենցիալ ալիքի հարցում, սակայն պարետատունն առաջիկա ամիսների համար համավարակի հաղթահարման պլան է մշակում։

«Կառավարման պլանի տրամաբանությունն այն է, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմանաներում, որպեսզի անվտանգության ու համակեցության կանոնների որդեգրմամբ ավելի արագ հնարավոր լինի վերադառնալ լիարժեք կյանքի»,- ասել է նա։

Ավինյանը նշել է, որ ներկայիս համաճարակային իրավիճակի կայունության պայմաններում քննարկվում է մի շարք ոլորտներում սահմանափակումների վերացումը։

Պարետի խոսքով՝ մշակման փուլում են կրթության ոլորտին վերաբերող կառավարման պլանները: Մշակման փուլում են և առաջիկայում կհրապարակվեն նաև գրադարանների, թանգարանների, համերգների, թատորնների վերաբացման մասին մանրամասն ուղեցույցեր։

Ավինյանը նշել է, որ դեռ հնարավոր չի լինի զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնել ու առաջարկել ներգնա տուրիզմի տարբերակը։