Կառավարությունը կփոխհատուցի սոցիալական կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները։ Որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի մեղմել սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը:

«Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ը միայնակ են։ Նախագծի ընդունման արդյունքում փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների գազի, էլեկտրական էներգիայի, ջրամատակարարման վարձավճարների դիմաց։ 2020թ-ին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է տարեկան 144 հազ․ դրամ, որն անկանխիկ եղանակով կփոխանցվի բանկ՝ այդ նպատակով բացված հաշվեհամարին»,- նշել է Զարուհի Բաթոյանը։

Փոխհատուցման իրավունք ունեցող շահառուների ցուցակը կհաստատի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հիմք ընդունելով սոցիալական տների համապատասխան իրավասությամբ օժտված պատասխանատու անձանց կողմից տրամադրված շահառուների տվյալները։

Գումարը կանխիկացնելը կամ այլ նպատակով օգտագործելն արգելվում է։

Միայնակ կենսաթոշակառու է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական տան կացարանում պայմանագրային հիմունքով բնակվող միայնակ կենսաթոշակառուն, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձը կամ միայն կենսաթոշակառուներից, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող անձանցից բաղկացած ընտանիքը, այդ թվում նաև՝ եթե իրենց խնամքին ունեն անչափահաս երեխաներ:

Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը և ծառայությունների տրամադրման գործընթացը կանոնակարգված է կառավարության 2015թ-ի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ, որի համաձայն՝ կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:

Կառավարության որոշմամբ կկարգավորվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով փոխհատուցում տրամադրելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների դիմաց: Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը կսահմանի կառավարությունը՝ պայմանավորված ծառայությունների սակագների փոփոխության հետ: