Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համավարակային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է։ Այս մասին Կառավարության հուլիսի 30-ի նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք։ Երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877-ն են։ Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թվեր չենք ունեցել։ Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք, և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր։ Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը, և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»։

Վարչապետն ընդգծել է պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը, մասնավորապես այնտեղ, որտեղ կա քաղաքացիների ընդունելություն։ Սոցիալական հեռավորության պահպանումը ոչ միայն պետք է լինի մուտքից ներս, դրսում նույնպես հերթերը պետք է կարգավորվեն։

Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունքն է․

«Ի վերջո, պիկն այսօրվա դրությամբ ունեցել ենք հուլիսի 6-ին։ Այդ պահին թվերն արդեն այնքան ահագնացող էին, որ հանրության համար ունեցան սթափեցնող ազդեցություն։ Ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է, և այն մյուս ջանքերը դարձնում է ավելի արդյունավետ»։

Վարչապետը քաղաքացիներին խնդրել է հոգեհանգստի արարողությունների ժամանակ լինել ծայրահեղ ուշադիր և պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Ցավոք, վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը մի կողմից սա հնարավորություն դիտարկեց հայրենագիտական գիտելիքները մեծացնելու, մյուս կողմից ընդգծեց, որ տեսչական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը, և նշեց, որ լավատեսական ուղերձները նրա համար են, որ ավելի զգոն լինենք, մենք ունենք հնարավորություն, որը, ցավոք սրտի, երաշխավորված չէ։