Հուլիսի 29-ին Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններն աննախադեպ չեն այն առումով, որ անցկացվում են 2014թ-ից սկսած ամեն տարի։ Սակայն առանձնահատուկ է զորավարժությունների ֆոնը՝ դրանց նախորդած տավուշյան իրադարձություններով, Հայաստանի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ Այս մասին ասել է Razm.info-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը, գրում է ՊանԱրմենիան-ը։

Հարցին, թե արդյոք Տավուշում մարտերի ժամանակ Թուրքիայի բռնած դիրքորոշումը ՀՀ-ի հանդեպ կարող է ազդել զորավարժությունների բնույթի վրա, Խաչիկյանը պատասխանել է․

«Դժվար է ասել, թե ինչքանո՞վ կազդի, կամ կազդի՞, թե՝ ոչ, բայց, այնուամենայնիվ, զորավարժությունները, բացի բուն ռազմական նշանակությունից, ունեն նաև քարոզչական կարևոր բաղադրիչ։ Իսկ այդ առումով, ինչպես արդեն տեսնում ենք՝ նրանք օգտագործվում են: Քարոզչական մասով կարող ենք ասել, որ ազդել է»:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին մեկնարկել է թուրք-ադրբեջանական զորավարժության օդային փուլը, որը տևելու է մինչև օգոստոսի 10-ը։ Վարժանքներն անցկացվում են Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում։ Իսկ զորավարժությունների ցամաքային փուլն անցկացվելու է օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում և Բաքվում։