Ամերիկահայ գործարար, PMA Venture Capital խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը $250,000 կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ ՀՀ զինծառայողների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի տիկին, հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը։

Բարերարն այդ մտադրության մասին հայտնել է հուլիսի 15-ին, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության շրջան էր։

«Ցանկացած այլ օր, այս նախադասությունները կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն: Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետև ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարևոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը»,- ասվում է գրառման մեջ։

«Իմ քայլը» հիմնադրամում այժմ քննարկում են, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրել այդ գումարը զինվորներին և սպաներին հասցնելու համար: