Հակառակորդի հրետակոծության արդյունքում Տավուշի սահմանամերձ գյուղերում վերականգնման աշխատանքներն ավարտվելու են հնարավոր սեղմ ժամկետներում, և բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան հրետակոծությունից առաջ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանը

«Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, մեկնարկել է նաև Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ:

Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:

Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»: