«Լիդիան Արմենիայի» վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը։ Այս մասին հայտարարել է Հայկական բնապահպանական ճակատը՝ նշելով, որ այդ քայլը խաղաղ դիմադրության իրավունքի նկատմամբ անընդունելի ոտնձգություն է և իրենք մոբիլիզացիա են ակնկալում։

Ըստ բնապահպանների՝ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում:

«Հիմա ամբողջ Հայաստանից մոբիլիզացիա է անհրաժեշտ: Խնդրում ենք, հրատապ եկեք Գնդեվազ գյուղի մոտի Ամուլսարի II դիմադրական կետի մոտ: Մեր ներկայությունը կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել: Խաղաղ, ոչ բռնի պայքարի շնորհիվ այս խնդիրը վերջապես պետք է դրական հանգուցալուծում ստանա: Պետք է կանխել որևէ բռնության հնարավորություն։ Սա վճռորոշ պահ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Բնապահպանները կոչ են արել գնալ Երևանում ՀՀ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության, ԱԺ-ի շենքերի մոտ և «պահանջել, որ ձեռքերը ծալած չնստեն»:

«Պատգամավորներն այսօր պիտի լինեն այնտեղ և պաշտպանեն քաղաքացիների անվտանգությունը: Լիդիանի ունեցած ՇՄԱԳ թույլտվությունը պետք է, վերջապես, ուժը կորցրած ճանաչվի առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա»,- նշվում է հայտարարության մեջ։