ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ ժխտում է ադրբեջանցի հաքերների կողմից ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգը կոտրելու մասին շրջանառվող լուրերը

«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետևյալը.

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու և պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։