Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարը 2010թ-ի սեպտեմբերի 16-ին հաստատել է աճուրդով օտարվող 782,3 քմ մակերեսով հողամասը որպես հասարակական գործառական նշանակություն ունեցող տարածք, թեպետ այն քաղաքի գլխավոր հատակագծով կանաչապատ գոտու՝ զբոսայգու մաս է։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։ 3.5 մլն դրամից ավելի կադաստրային արժեքով զբոսայգու տարածքն օտարվել է 1.8 մլն-ով, քրեական գործ է հարուցվել։

Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, 2010թ. սեպտեմբերի 28-ին Աբովյանի անունով կազմվել և հանձնվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայագիր՝ հողամասը ներկայացնելով որպես հասարակական կառուցապատման նշանակությամբ հողատարածք:

2011թ-ին քաղաքապետի հանձնարարականով կեղծ աճուրդ է կազմակերպվել, կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, կեղծվել է նաև փաստաթղթերում երկրորդ մասնակցի ստորագրությունը։

Դատախազությունից նշում են, որ քաղաքապետի գործողությունների հետևանքով համայնքը զրկվել է կանաչապատ գոտի՝ զբոսայգին տնօրինելու, այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ համայնքային սեփականության աճուդն իրականացնելու և իրական արժեքով այն օտարելու հնարավորությունից:

Քգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահեը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիքը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով), 38-314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփությությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։