Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«1925թ-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Իսմեթ Ինյոնյունը դեսպան Վինոգրադովին ասել էր հետևյալը.

«Նոր երկիրը (Թուրքիան) պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին (խոսքը Մոսկվայի պայմանագրի մասին է), իսկ 25 տարին լրանալուց հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները (Կարսի մարզը)»։

Տարիներ առաջ համացանցում ռուսերեն բնագրով տեղադրվեց դիվանագետ, լուսահոգի Լևոն Էյրամջյանցի «25 տարին անցել էր 1946թ-ի մարտի 16-ին» ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակի կողմից բերված են որոշակի ապացույցներ, որ 1921թ-ի մարտի 16-ին կնքված, իր բնույթով ապօրինի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրված է եղել 25 տարի ժամանակահատվածով, և այդ ժամկետն ամրագրված է եղել պայմանագրին կից եղած առանձին երկկողմանի գաղտնի արձանագրություններում (1939թ-ի սովետա-գերմանական Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նմանությամբ): Ըստ Էյրամջյանցի, Մոսկվայի պայմանագրին կից նշված այդ արձանագրությունները հույժ գաղտնիության պատճառով ընդհանրապես երբևիցէ հրապարակված կամ ուսումնասիրված չեն եղել, մեր կողմից նշենք, որ թերևս ապացուցված չէ նաև նրանց առկայությունն ընդհանրապես:

Լևոն Էյրամջյանցի հոդվածը գրվել է 2001թ-ին և կրում է 1990թվականների Հայաստանի արտաքին հարաբերությունների վերաբերյալ վիճելի դրույթներ, սակայն հավաքված և մեզ հետաքրքրող փաստագրական տվյալների առումով՝ բավականին արժեքավոր է»: