Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն, որտեղ նշվում է, որ արտակարգ դրության պայմաններում հավաքների սահմանափակումը չի կարող լինել բացարձակ։

Քննարկման մասնակիցները նշել էին, որ պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի է և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ ոստիկանության համար:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։

Քննարկման մասնակիցների առաջարկները պարետատնից բացի ուղարկվել են նաև Արդարադատության նախարարություն: