ՀՀ-ում 1-5 մլն դրամի միանվագ դրամական օժանդակություն կտրամադրի սահմանամերձ բնակավայրերում հակառակորդի գործողություններից տուժած քաղաքացիներին կամ նրանց ընտանիքներին։ Կառավարությունն ընդունել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը։

Միանվագ դրամական աջակցություն կցուցաբերվի այն քաղաքացիներին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի հաշմանդամ են դարձել, աջակցությունը կտրամադրվի՝ համապատասխանաբար՝ 3, 2 և 1 մլն դրամի չափով։

Հակառակորդի գործողությունների հետևանքով մահացածների ընտանիքներին 5 մլն դրամ միանվագ աջակցություն կտրամադրվի:

Աջակցությունը կգործի 38 բնակավայրի (16 համայնք) մասշտաբով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է նաև, որ կփոխհատուցվի գնդակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով գյուղացիների կորցրած կամ ոչնչացված ցանկացած տեսակի գույքի համար։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն իր հերթին նշել է, որ սահմանամերձ համայնքներում հուլիսյան բախումներից հետո ընթանում են վնասների վերականգնման աշխատանքները։