Բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Մեղադրանք է առաջադրվել 15 անձի, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին:

2020թ-ի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվել է իր մտերիմ, Գյումրիի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020թ-ի փետրվար-մայիսին, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, ով նրանցից ստացել է ընդհանուր 1,920,000 դրամ, որից 1,020,000 դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:

Այսպիսով, Ա. Գրիգորյանի գործողությունների հետևանքով, ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են B, B, C կարգերի վարորդական վկայականներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, պատժվում է տուգանքով կամ մինչև 4 տարի ազատազրկմամբ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, պատժվում է տուգանքով կամ մինչև 3 տարի ազատզրկմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ս. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 5 հոդվածով՝ կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, խարդախության համար։

Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու միջնորդության և կաշառք տալու փորձի համար ևս 13 անձի մեղադրանք է առաջադրվել ՔՕ տարբեր հոդվածներվ։