«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզում ասել է, որ առաջիկայում մեծ հանրահավաք է լինելու, բարձրաձայնվելու են բոլոր օրախնդիր հարցերը, որպեսզի հետո դրանք բարձրացվեն խորհրդարանում։

Ծառուկյանը նշել է՝ ԲՀԿ հարցումները պարզել են, որ բնակչության 90-95 տոկոսը դեմ է կրթական ոլորտի փոփոխություններին, մասնավորապես՝ Հայ եկեղեցու պատմության դասաժամերը հանելուն։

«Ստորագրություններ էլ ենք հավաքելու, մեծ հանրահավաքն էլ ենք անելու։ Հայ ժողովուրդը թույլ չի տա փոքրահասակ երեխաների սեռական դասընթացներ. կա հայ եկեղեցի, հայոց պատմություն, հայ գրականություն: Հարցը կբարձրացնենք, մեծ հանրահավաք էլ կկազմակերպենք, որ ժողովուրդն իրենն ասի, որ այդ մասին չփորձեն էլ մտածել ու իրականացնել»,- ասել է նա:

Ծառուկյանը նշել է, որ կառավարության ծրագրով կապիտալ շինարարության համար նախատեսված 300 մլրդ դրամից միայն 12 մլրդ-ն է ծախսվել։

Անդրադառնալով բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների հարցին՝ Ծառուկյանն ասել է, որ պետք է տեր կանգնել ուսանողներին, որպեսզի նրանք չհիասթափվեն, հետագայում ծառայեն իրենց պետությանը։ Որպես այդ վիճակի պատճառ ԲՀԿ նախագահը նշել է կառավարության անդամների մոտ փորձի պակասը։

«Փորձ չունեն, չեն կարողացել ճիշտ կազմակերպել, լիարժեք սխալը պետք է ընդունեն, թույլ տան, որ ուսանողները սովորեն»,- ասել է նա։