Մոսկվայում այժմ ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպում են պատերազմից հետո առաջին անգամ:

Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Կրեմլում ընթացող այս բանակցությունների օրակարգում են նոյեմբերի 10-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին։

Հանդիպման մեկնարկին նախագահ Պուտինը հայտարարել է, որ Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունը հետևողականորեն իրականացվում է։

Եռակողմ հայտարարության կետերից մեկով կողմերը պարտավորվել են նաև վերադարձնել գերիներին, պատանդներին, փոխանակել մարմինները։ Փաստաթղթում, սակայն, չկա կոնկրետ ժամկետ` գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման կամ վերադարձի հետ կապված։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում ավելի քան 100 հայ գերի է պահվում, Բաքուն միայն 10 գերիների մասով էր հաստատում ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որ, այո, այդ մարդիկ Ադրբեջանում են։

Մոսկվայում նախատեսված են նաև Վլադիմիր Պուտին - Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին - Իլհամ Ալիև առանձին երկկողմ հանդիպումներ։

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցը Մոսկվա կարճատև է, օրվա երկրորդ կեսին նա վերադառնալու է Երևան։