ԱՄՆ դեսպանության 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը ապրիլի 27-ից մայիսի 3-ը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի 13 ամերիկյան վավերագրական ֆիլմ: Փառատոնը չի եզրափակվի միայն ֆիլմերի ցուցադրմամբ, նախատեսվում են նաև վարպետության դասեր հայ երիտասարդ կինոգործիչների համար: Այս տարի դասընթացը ֆիլմերի տեսաէֆեկտների մասին է։ Դրանք կվարի տեսաէֆեկտների ամերիկացի մրցանակակիր վարպետ Դարիուշ Դերախշանին: Մեկ շաբաթ տևող վարպետության դասերից բացի Դերախշանին նաև հանդես կգա մեկ-երկու բաց դասախոսությամբ՝ խոսելով կինոարտադրության հրաշքների մասին:

Դերախշանին բնակվում է Լոս Անջելեսում, նա տեսաէֆեկտների և համակարգչային գրաֆիկայի մասնագետ է, ով հայտնի է «Ապոկալիպտո», «ՌԷԴ», «Ֆանտաստիկ քառյակը» և մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում կատարած իր աշխատանքով։ Նա դասախոս է, ներկայումս դասավանդում է Հարավային Քալիֆորնիայի կինոդպրոցում:

Անվճար վարպետության դասերը տեղի կունենան ապրիլի 28-ից մայիսի 4-ը: Տեղերը սահմանափակ են, սակայն դիմել կարող են հետաքրքրված մասնագետները: Դիմումներն ընդունվում են առցանց մինչև ապրիլի 15-ը հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/vsskAc:

«Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո ընթացքող 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը ներկայանում է 13 վավերագրական ֆիլմով: Ցուցաշարը մեկնարկում է ապրիլի 27-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում «Անծանոթների երաժշտությունը» ֆիլմի ցուցադրմամբ: Հաջորդիվ, ապրիլի 28-ից մինչև մայիսի 3-ը, ամեն օր ժամը 17:00-ին և 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կշարունակվեն անվճար կինոցուցադրումները: Էկրան կբարձրանան հետևյալ ֆիլմերը. «Մելե որմնանկարներ», «Ֆլոյդ Նորման. անիմացիոն կյանք», «Լողի թիմ», «Ատաքսիա», «Դերերով փոխված», ««Եթե» նախագիծ», «Իրադարձություն», «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս», «Հզորացման նախագիծ», «Սուպերաղջիկ», «Ավագ դպրոց 911» և «Առավել քան գնահատականը»: