Սերժ Թանկյանը Հայաստանում է։

Ռոք երաժիշտը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ հասավ Հանրապետության հրապարակ: Ճանապարհի մեծ մասը նրանք ստիպված եղան անցնել ոտքով։ Մարդկանց բազմությունը փակել էր օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը:

«Կներեք, որ ֆիզիկապես ուշացա այս գեղեցիկ հեղափոխությունից, բայց հավատացե՛ք, որ հոգով միշտ ձեզ հետ էի. ոչ միայն ես, այլև ամբողջ սփյուռքահայությունը», - հայտնեց աշխարհահռչակ ռոք-երգիչը:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ խաղաղ ցույցերի, և այն բանի համար, որ կարողացավ ստեղծել հայ ազգի բաղձալի հայրենիքը:

«Հիմա արդեն ամբողջ աշխարհը ձեզ է նայում՝ իբրև դրական օրինակի. երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին», - ասաց նա և հավելեց, որ աշխարհը տարիներ շարունակ հայերին ճանաչել է Ցեղասպանությամբ, երկրաշարժով ու պատերազմով, բայց այժմ այս շարժմամբ հայերը բարձրացրին մեր երկրի վարկանիշը: