Օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի արդյունավետությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հայտնում են, որ կկրճատվի մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող բնական գազի տեսակարար ծախսը։ Կավելանա նաև էներգաբլոկի հզորությունը։ Փոխանցում է news.am-ը։

Տեխնիկական վերազիման արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կհամալրվի կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսերը 258,1 գր/կՎտժ-ից կնվազեն մինչև 252,8 գր/կՎտժի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1%-ով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. ԿՎտ. Ժ-ով, որը գործող սակագնի պայմաններում համարժեք է ավելի քան 1,2 մլրդ դրամի։ Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:

Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը շահագործմանն է հանձնվել 2010թ.-ին: