Մայիսի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական 2 և թուրքական 4 ավիաընկերությունների նկատմամբ։ Ավիաընկերությունները մեղադրվում են իրանական Meraj Air և Mahan Air ավիաընկերություններին նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։

Վերոնշյալ ավիաընկերությունների կետ կապ ունենալու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի 2 և Թուրքիայի 1 քաղաքացու նկատմամբ։

Առանձին պատժամիջոցներ են սահմանվել նաև Caspian Air, Pouya Air ավիաընկերությունների 31 ինքնաթիռների նկատմամբ։ Նշված ընկերությունները «ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքներով տարիներ առաջ նույնպես հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն 12 պահանջ էր ներկայացրել Իրանին, որոնց կատարման դեպքում ԱՄՆ պատրաստ կլինի նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ: Նախապայմանների չկատարման պարագայում Վաշինգտոնը «աննախադեպ պատժամիջոցներով» էր սպառնում։ Պոմպեոն նշել էր, որ ԱՄՆ-ն այնպիսի ֆինանսական ճնշում կգործադրի Իրանի վրա, որ Իրանը ստիպված կլինի պայքարել իր տնտեսության պահպանման համար։ Պատժամիջոցների մեղմացում, ըստ Պոմպեոյի, կլինի միայն այն ժամանակ, երբ Իրանը փոխի իր քաղաքականությունը։