Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե չի վճարել մոտ 360 մլն դրամի հարկ, որից մոտ 210 միլիոն դրամը` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն դրամը` շահութահարկ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պարզվել է, որ ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ:

«Բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը», - նշվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ:

Հետաքննության բաժնի և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ և հաշվապահական այլ փաստաթղթեր:

Հետաքննությունը շարունակվում է: