Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը:

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, ԱԺ պատգամավոր Լյուկ Կարվունասը, Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայտնում է ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման արարողության ընթացքում Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչը ՀՅԴ՝ Ալֆորվիլի տեղական մարմնի ղեկավար Կարո Խաչիկյանին է հանձնել ԱՀ «Երախտագիտություն» մեդալը՝ Ֆրանսիայի և Արցախի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Ալֆորվիլում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև դասախոսություններ՝ Արցախում առկա իրավիճակի շուրջ։