Մոլդովայի Սահմանադրական դատարանը Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է երկրի նախագահի պարտականությունների կատարումից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արձանագրվում են հանգամանքները, որոնք արդարացնում են պաշտոնից նախագահի ժամանակավոր հրաժարականը՝ նախարարների նշանակումը մերժելու պատճառով, որոնց թեկնածությունը վարչապետը երկրորդ անգամ էր առաջարկել», - հայտարարել է դատարանի նախագահ Միխայ Պոալելունժը:

Սեպտեմբերին երկրի վարչապետ Պավել Ֆիլիպը Դոդոնին առաջարկել էր երկու նոր նախարարների թեկնածությունները: Նախատեսում էր առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար նշանակել Սիլվիա Ռադին, գյուղատնտեսության և տարածքային զարգացման նախարար՝ Նիկոլայ Չուբուկին: Սակայն Դոդոնը դեմ էր այս թեկնածուներին:

Նախագահը նշել էր, որ Ռադը բժշկական կրթություն չունի: Դոդոնը նաև նշել էր, որ Չուբուկը խնդիրներ ունի «անկաշառելիության ոլորտում»:

Դոդոնին երեք անգամ ժամանակավորապես պարտականությունների կատարումից հեռացրել են, ընդ որում՝ երկու անգամ դա կապված էր նախարարների թեկնածուներին հաստատելուց հրաժարվելու հետ՝ 2017թ-ի հոկտեմբերին և 2018թ-ի հունվարին, երբ նա երկու անգամ մերժել էր կառավարության առաջադրած թեկնածուներին: Երկու անգամ էլ նոր նախարարների նշանակման հրամանները ստորագրել էր երկրի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն: