Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը Tübitak SAGE գիտա-հետազոտական կենտրոնում տեղական տեխնոլոգիաների զարգացման ենթակառուցվածքների բացման միջոցառմանը հայտարարել է, որ Թուրքիայում արդեն սկսել են տեղական ՀՕՊ համակարգերի ստեղծման աշխատանքները։

Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը։

Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ՀՕՊ համակարգը կոչվելու է «Սիփեր» ( «Siper»-«Վահան»), որի ստեղծման աշխատանքները սկսել են թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները և Tübitak SAGE գիտա-հետազոտական կենտրոնը։

Հեռահար ՀՕՊ-ի առաջին մատակարարումը, ըստ Էրդողանի, նախատեսվում է 2021թ․ վերջին։ Այլ մանրամասներ ՀՕՊ համակարգի մասին չի նշվում։

Նշենք, որ Թուրքիան 2017թ․ դեկտեմբերին գնել է նաև ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերը, որոնց մատակարարումը նախատեսվում է 2019թ․։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջերս հայտարարել էր, որ Ս-400-ները Թուրքիայում կտեղակայվեն արդեն 2019թ․ հոկտեմբերին, չնայած նրան, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դեմ են դրան։

Ս-400 («Տրիումֆ») զենիթահրթիռային համակարգը նախատեսված է մինչև 400 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա ցանկացած տեսակի օդային թիրախներ ոչնչացնելու համար: Սակայն միայն Ս-400 ՀՕՊ համակարգը բավարար չէ Թուրքիայի օդային տարածքների պաշտպանության համար։

Բացի այդ Թուրքիան ունի նաև տեղական արտադրության փոքր և միջին հեռահարության «Հիսար» ՀՕՊ համակարգը։

Հավելենք, որ զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011թ-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ «ՀԻՍԱՐ-Ա»-ի հրթիռների առավելագույն հեռահարությունը 10-15 կմ է։