«Մայր Հայաստան» հուշարձանի՝ սև տուֆի տարբեր երանգներով կառուցված պատվանդանը հայկական ճարտարապետության մեջ եզակի է իր տեսակով։ Ուշագրավ են զուսպ մշակված պատերը, շքամուտքի քանդակազարդ խոյակներով կամարները և կոփածո պղնձակերտ բարձրարվեստ դուռը։ Ներսից պատվանդանը եռահարկ է։ Այստեղ 1970թ. բացվել է «Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ.» թանգարանը, իսկ 1995թ.՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը։ Բոլորին հայտնի «Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվել է 1950թ.։

Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։ Այս արձանը «Հաղթանակ» զբոսայգում, Քանաքեռի սարալանջին է։ Այն ի սկզբանե Իոսիֆ Ստալինի պատկերով կանգնեցվել է 1950թ.՝ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ։ Հետագայում՝ 1962թ., Ստալինի արձանը ապամոնտաժելուց հետո, նույն պատվանդանի վրա 1967թ. կանգնեցվել է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստանը» խորհրդանշող հուշարձանը։ Այն իրավամբ համարվում է Երևանի խորհրդանիշներից մեկը։

Թերևս քչերին է հայտնի, որ հերոսության խորհրդանիշ «Մայր Հայաստան» արձանի հերոսուհին տիկին Գենյան է, ով ապրում է մեր կողքին՝ բոլորելով արդեն յոթուկես տասնամյակը։

«ՀՀ»-ի հետ զրույցում նա պատմել է, որ լավ է հիշում, թե ինչպես քանդակագործ Արա Հարությունյանն առաջարկեց իրեն դառնալ բնորդուհի արձանի համար.

«Ես 17-18 տարեկան էի՝ լոլիկի հերթում կանգնած, իսկ ինքը դիմացս լուռ ուսումնասիրում էր, նայում։ Մայրս նկատեց ու շտապ վերադարձնելով լոլիկները՝ ձեռքս բռնած խանութից դուրս տարավ։ Ինքը նկատեց և եկավ մայրիկիս ասաց, թե պետպատվեր ունեմ «Մայր Հայաստան» արձան քանդակելու։ Խնդրեց մայրիկիս, որ գնամ արվեստանոց, մայրիկս մերժեց, բայց ինքն իր հեռախոսահամարը թողեց, իր արվեստանոցն էլ գտնվում էր մեր տան մոտ՝ Կիևյան փողոցի վրա։ Հետո իմացա, որ եղբորս դասախոսն է, դասավանդում է Թերլեմեզյան ուսումնարանում, նա էլ ուղեկցեց քանդակագործի արվեստանոց»։

Ժպիտով է հիշում, առաջարկն ընդունեց զուտ սեփական էմոցիաներից ելնելով, օրիորդ էր երազանքներով լեցուն և դեռ շատ հեռու իր կերպարի իրական նշանակությունն ամբողջ էությամբ ընկալելուց։ Հիշում է, որ քանդակագործ Արա Հարությունյանը վեր էր հանում կերպարի իմաստությունն ու խորությունը, ընդգծում կնոջ վեհությունն ու ընտանիքին նվիրվածությունը՝ որպես քաջարի կնոջ օրինակ մատնանշելով Վարդան Մամիկոնյանի մորը։ Ինչպես նկարագրում է արձանի բնորդուհին, ձեռքի թուրը պետք է դեպի վեր խոյանար, սակայն իմաստն այլ էր. այն պիտի ուղղվեր դեպի հակառակորդը՝ ի նշան պաշտպանության, իսկ ոտքերի տակ դրված վահանը՝ ի նշան խաղաղության ու համերաշխության։

«Մայր Հայաստան» հուշարձանի հետ կապված լեգենդներից մեկի համաձայն՝ հուշարձանի ոտքերի տակ գտնվող վահանի տակ Ստալինի ոտքերն են։ Ասում են, որ հենց նրա բրոնզե ոտքերի վրա են կառուցել նոր հուշարձանը։ Թանգարանի աշխատակիցները հերքում են։

Արձանը քանդակելը սկսվել է 1961թ-ին, և 1967թ. արդեն պատրաստի կիսանդրին մաս-մաս տեղափոխել են։ «Մայր Հայաստան» հուշարձանի նախատիպը դարձավ սովորական մի աղջիկ՝ Եվգենիա Մուրադյանը։

Ընդհանուր առմամբ, մի քանի անգամ է եղել քանդակագործի արվեստանոցում։

«Ինքը քանդակեց իմ դեմքը, շատ հետաքրքիր էր, նման էր ինձ, սակայն, բացի հոնքերից, հոնքերը միացրած էին իրար, ու ինքն ասաց՝ դա վեհ կնոջ, ուժեղ կնոջ իմաստն ունի, որ հայ կինը եղել է ուժեղ, հաղթանակող, կռվող, ազգը, հայրենիքը պաշտպանող, դրա համար հոնքերը միացրած է»,- հպարտությամբ ասում է Գենյա Մուրադյանը։

Այժմ արձանի բնորդուհին նեղսրտում է՝ հուշարձանը լվալ է պետք, մինչդեռ վերջերս փորձել են լվալ հուշարձանը, բայց անգամ ժամանակակից սարքավորումներով չեն կարողացել լիովին մաքրել մի քանի տասնյակ մետրեր ձգվող քանդակը։

Ըստ պատմաբանների՝ «Մայր Հայաստանը» կանգնեցվել է մի զբոսայգում, որը ծայրից ծայր մտածված է եղել որպես Հայրենական մեծ պատերազմի հուշը մարմնավորող, տարածականացնող միջավայր, և խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթական մասնակցությունը այդ պատերազմում։ Իսկ պատվանդանի ճարտարապետական մտահղացումը և զարդաքանդակները, արձանի և պատվանդանի մասշտաբները, սուրը բռնած ձեռքերի նախազգուշացնող-սպառնալի (կայսերական) ժեստը, արձանը շրջապատող մեծ Հայրենականի ժամանակի խորհրդային ռազմական տեխնիկան և արդեն հիշատակված Անհայտ զինվորի հուշարձանն ազգային մեկնաբանության համար շատ քիչ տեղ են թողնում։

Արձանի բնորդուհին հեռու չէ իր մարմնավորած կերպարից։ Մասնագիտությամբ մանկավարժ է, ռուսաց լեզվի ուսուցչուհի, ծնվել է պատերազմական ժամանակաշրջանում՝ 1942թ-ին, հայրենասիրական ոգով դաստիարակել է մի քանի սերունդ, ուզում է, որ ապագա սերունդը ևս Հայաստանը լքելու նպատակ չհետապնդի։

Թեպետ գիտակցում է՝ երիտասարդները ձգտում ունեն բարեկեցիկ ապրելու, սակայն այդ բարեկեցությունը հորդորում է հենց հայրենիքում ստեղծել, մտահղացումները ի շահ երկրի ապագայի կառուցել։ Հայկական կինոստուդիայի որոշ ֆիլմերում երիտասարդ տարիներին մի քանի դրվագներում է խաղացել, հետո արդեն գլխավոր դերակատարման հրավեր է ստացել ու մերժել է, ծնողներն ու սիրելի տղամարդն էին դեմ։

Իր ներաշխարհը սակայն կարողացավ լիովին այս արձանը փոխել.

«Ավելի ուժեղացա կամովի, ինձ զգում եմ նույնքան խրոխտ, որքան այնտեղ կանգնած կինը»։