Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (ԲԷՑ) ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում առաջիկայում աշխատանքից կկրճատվի 150 աշխատող: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում:

Նա նշել է, որ ինքն օպտիմալացման մասին բազմիցս է խոսել, իսկ կատարված օպտիմալացման արդյունքում խնայված միջոցները կուղղվեն սակագնի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

«Կրճատումով չի փոխվի կառույցի ծառայությունների մատուցման որակը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Քննարկմանը ներկա ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանն էլ հավելել է, որ աշխատանքից ազատված աշխատակիցները մեկ տարի ստանալու են աշխատավարձը 100 տոկոսով, իսկ հաջորդ տարին՝ 50 տոկոսով.

«Սա ընկերության սոցիալական քաղաքականության առանցքային քաղաքականության պարտադիր բաղադրիչն է կազմում»։