Մոլդովայում շարունակվում է մի կողմից՝ նախագահ Իգոր Դոդոնի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի և խորհրդարանի միջև հակասությունը: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, հունվարի 5-ին Սահմանադրական դատարանը երրորդ անգամ դադարեցրել է օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի մասին օրենքը հրապարակելուց հրաժարվող Դոդոնի լիազորությունները:

Երկրի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ոչ մի դեպքում չի զիջի և չի ստորագրի երկրի քաղաքացիների շահերին հակասող օրենքները: Օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի մասին օրենքն, ըստ Դոդոնի, Մոլդովայի քաղաքացիների՝ տեղեկատվության ազատության իրավունքի բացահայտ խախտում է:

Նշենք, որ հակաքարոզչության մասին օրենքը Մոլդովայի խորհրդարանն ընդունել է 2017-ի դեկտեմբերին: Նախագահն այն երկու անգամ մերժել է, չնայած՝ պարտավոր էր երկրորդ անգամ այն հաստատել: