Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Սմբատ Սաիյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում «լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

«Օրենքով ժամանակին սահմանվել է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից և գործատուներն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում այդ աշխատանքային գրքույկները հանձնում են կառավարության սահմանած լիազոր մարմնին, որը աշխատանքային գրքույկները սքանավորում է և վերադարձնում գործատուին քաղաքացիներին հանձնելու համար։ Օրենքն ուժի մեջ է մտել 2017թ-ի հունվարի 1-ից և 2019թ-ի հունվարի 1-ը, սակայն տեխնիկական պատճառներով գործընթացը չի ավարտվել և այս պահի դրությամբ նախատեսված շուրջ 500-550 հազար աշխատանքային գրքույկի փոխարեն թվայնացվել է միայն 270 հազարը»,- ներկայացրեց Սաիյանը։

Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրի առարկան երկարաձգել մեկ տարով, որպեսզի մնացածի թվայնացումը ևս հասցնեն և վերադարձնեն գործատուներին։

Օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 58 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։