Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հիմքով 3 տարվա ընթացքում իրականացվել է 68.817 հետաքննություն:

Թեմայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել թուրք հայտնի իրավաբան, խոսքի ազատության ոլորտում ակտիվ գործունեությամբ հայտնի, դոկտոր պրոֆեսոր Յաման Աքդենիզը: Նա նշել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը (նախագահին վիրավորելու մասին հոդվածը, որը նախատեսում է 1-4 տարի ազատազրկում-խմբ.) դարձել է ամենահաճախ կիրառվողներից մեկը։

Ըստ Աքդենիզի հրապարակած վիճակագրության՝ 2014-2017թթ. 68.827 մարդու նկատմամբ սկսված հետաքննությունների արդյունքում դատ է բացվել 12.839 քաղաքացու դեմ:

Էրդողանի՝ հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առաջին տարում՝ 2014թ-ին, նախագահին վիրավորելու մեղադրանքով սկսվել է 132 դատավարություն, որն աճել է հաջորդող տարիներին: Այսպես, 2015թ-ին ընթացել է 953 դատավարություն, 2016թ-ին՝ 4187, 2017թ-ին՝ 6033:

Իսկ հետաքննությունների քանակը հետևյալ պատկերն ունի` 2014թ-ին՝ 682, 2015թ-ին՝ 7216, 2016թ-ին՝ 38254 և 2017թ-ին՝ 20539:

Թուրք հայտնի մասնագետի տվյալներով 4 տարվա ընթացքում տեղի ունեցած 12 հազար դատավարություններից 9234-ի մասով վճիռներ է կայացվել, որոնց շրջանակներում 3414 մարդ դատապարտվել է ազատազրկման, 2550-ի պատիժը հետաձգվել է, 697 մարդ էլ արդարացվել է:

«Համակարգն ամբողջությամբ հիմնված է պատժելու և լռեցնելու վրա: Ամենափոքր քննադատությունն անգամ ավարտվում է դատական գործընթացով: Աշխարհում որևէ տեղ այսպիսի իրավիճակ չկա»,- նկատել է տվել Աքդենիզը: