ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված չէ Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և ՀՀ ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի, հայտնում է Aysor.am-ը:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հավանություն է տվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը և ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումն այդ պաշտոնում:

«Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ, փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով եղել է գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի», - ասել է Ն.Փաշինյանը։

Նրա խոսքով, խնդիրը ավելի խորն է և բովանդակային:

«Անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել»,- ասել է նա:

«Եվ մենք, պետք է նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով, հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ: Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք», - ասել է Փաշինյանը: