2019-ին Արցախի պետբյուջեիմուտքերը կավելանան լրացուցիչ մոտ 5 մլրդ դրամով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդականը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Նա հայտնել է, որ Արցախի Խորհրդարանի կողմից ընդունվել է «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի նախաձեռնած «ԱՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով վերացվել է «Բեյզ Մեթըլս» հանքագործական ընկերության գործունեության համար սահմանված հարկային արտոնությունը, և պետական բյուջեի եկամուտները այս տարի կավելանան լրացուցիչ 5 մլրդ դրամով:

«Լուրն, իսկապես, ուրախալի է, քանի որ կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ է ստանալու՝ մեր հանրապետությունում սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր լուծելու: Բայց արի ու տես՝ որոշ քաղաքական ուժեր թեմայի շուրջ տարակարծություններ են ունեցել…Քանի որ որպես հանրապետության վարչապետ՝ 2013թ-ին ես եմ բանակցել նշված ընկերության հետ, իսկ օրենսդրական նախաձեռնության հեղինակը եղել է կառավարությունը, ուզում եմ անդրադառնալ այս ամենի նախապատմությանը, որպեսզի ոչ մեկի մոտ չպարզաբանված հարցեր չմնան:

2012-13թթ.-ին արդեն պարզ էր դարձել, որ Դրմբոնի ոսկու հանքի պաշարները նախատեսված ժամանակից շուտ ավարտվում են, և կառավարության առջև խնդիր էր դրված օպերատիվ կերպով լուծելու «Բեյզ Մեթըլս»-ում ընդգրկված ավելի քան 1000 աշխատողներին այլ աշխատանքով բավարարելու հարցը, ինչպես նաև լրացնելու ընկերության կողմից պետբյուջե վճարվող հարկային մուտքերի չափը: Նախընտրելի տարբերակն այդ նույն ենթաշրջանում Կաշենի պղնձի հանքավայրի շահագործումն էր, որտեղ դեռևս խորհրդային տարիներին սկսվել էին հետազոտական աշխատանքներ, սակայն չէին ավարտվել: Առկա փաստաթղթերի հիման վրա «Բեյզ Մեթըլս»-ը ավարտին հասցրեց հանքավայրի հետազոտությունը, և դրական եզրակացությամբ սկսվեցին քննարկումները դրա շահագործման շուրջ»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ արդյունքում կառավարությունն արտոնյալ պայմաններով 100 մլն դոլարի չափով վարկ էր տրամադրել ընկերությանը և տարածքում իրականացրել ենթակառուցվածքների կառուցում մոտ 20 մլն դոլարի չափով: Այդ աշխատանքների շրջանակներում պետությունը կառուցել է Սոթք-Հաթերք-Կաշեն բարձրավոլտ օդային գիծը և տեղադրել հզոր ենթակայան, որպեսզի լուծվի էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը, ինչպես նաև Խաչենի ջրամբարի ջրի զգալի մասը տրամադրվել է ընկերությանը՝ անջրդի թողնելով մեծաքանակ հողատարածքներ, քանի որ այլ տարբերակ չկար հանքի շահագործման, միաժամանակ հազարավոր աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման համար:

«Բեյզ Մեթըլս»-ի հաջորդ պահանջը ուղղված էր հարկային արտոնություններին, որպեսզի թեթևացվի վարկային բեռը: Ըստ ներկայացված ծրագրի՝ ընկերությունը պետք է արդյունահաներ և վերամշակեր տարեկան 1,8 մլն տոննա հանքաքար: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ վարկի սպասարկման համար կտրվի 6 տարվա, կամ, ավելի ճիշտ, 3+3 տարվա հարկային արտոնություն: Այսինքն՝ բանակցությունների պահին ընկերության կողմից կանխատեսվող եկամուտների չափը, առկա գների և ներկայացված ծավալների պայմաններում, համահունչ էր 6 տարվան, սակայն եթե բանակցություններից հետո՝ երկրորդ եռամյակում, ընկերության շահույթը նախանշված ժամկետից ավելի շուտ ապահովեր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ապա այդ ժամանակ պիտի դադարեցվեր սահմանված արտոնությունը:

«Այսինքն, կարող ենք արձանագրել, որ, նախ, վարկի սպասարկման համար կառավարության և ընկերության նախապես համաձայնեցրած վերամշակման ծավալը վաղուց գերազանցվել է: Երկրորդ՝ վերջին տարիներին պղնձի միջազգային գներն ավելի բարձր են, քան եղել են բանակցությունների ժամանակ: Ինչ վերաբերում է լրացուցիչ արդյունահանման նպատակով ընկերության կողմից կատարված նոր ներդրումների համար ևս հարկային արտոնություններ սահմանելուն, ապա նշեմ, որ այդ մասին ի սկզբանե որևէ պայմանավորվածություն չի եղել: Այսինքն, այդ դեպքում ընկերությունը ներդրումներ պետք է կատարի կա՛մ սեփական, կա՛մ ներգրավված միջոցների հաշվին:

Ուստի, վերոնշյալ օրենքի ընդունմամբ կառավարության կողմից որևէ պայմանավորվածություն չի խախտվել, և «Հայրենիք» խմբակցության պատգամավորների գերակշիռ մասը օրինագծին կողմ է քվեարկել՝ առաջին հերթին հաշվի առնելով այս իրողությունը:Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե օրինագծի ընդունումը կարող է խոչընդոտել ընկերության հետագա զարգացումը, ապա ասեմ, որ համամիտ չեմ:

«Բեյզ Մեթըլս»-ը, բացի արդյունահանման մեծ ծավալների ու պղնձի բարձր գների շնորհիվ լրացուցիչ շահույթ ստանալուց, անցած տարիների ընթացքում ապացուցել է նաև, որ ունի փորձառու կառավարման համակարգ, որի օրինակելի մենեջմենթի համբավը վաղուց հայտնի է ոչ միայն տարածաշրջանի, այլև արտերկրի հեղինակավոր ընկերությունների շրջանում: Ընկերությունը վստահելի գործընկեր է, և, համոզված եմ, դեռ երկար տարիների արդյունավետ համագործակցություն է սպասվում նրա հետ»,-ասվում է Արայիկ Հարությունյանի գրառման մեջ: