Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ, որը ընդունվելու դեպքում 2019թ-ի հունվարից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը: Նա նշեց, որ նախագծի նպատակը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։

Նշենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, համաձայն որի ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, որոնց թվում է նաև ընտանիքի եկամուտը:

«Ինչպես գիտենք, հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացում, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:

Մասնավորապես, նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։

Արդյունքում, առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն այդ ընտանիքների գերակշիռ մասը։ Օրինակ, հնարավոր է նպաստի չափն ավելանա 4 կամ 6 հազար դրամով, որի հետևանքով ընտանիքը կորցնի 18 հազար դրամի սոցիալական նպաստից:

Նշված փոփոխություններով հնարավոր կլինի խուսափել այդ բացասական հետևանքներից»,- ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018թ-ի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019թ-ի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:

Նրա խոսքով, արդեն իսկ 64 հազար մարդ ստանում է 25500 դրամի նպաստ, ևս 20 հազար մարդ այդքան նպաստ կստանա, երբ համապատասխան օրենքում կարվի փոփոխություն: Դա կլինի մարտին, բայց հետադարձ ուժ ենք տալու: